Եթե Կովկասը դառնա Սիրիայի նման մի վայր, այդ դեպքում թող Աստված օգնական լինի բոլորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը.

Բեքի Անդերսոն- Թույլ տվեք կանգ առնել մի հարցի վրա։ New York Times-ը հայտնում է, որ Հայաստանի վարչապետը հարցրել է ԱՄՆ-ին, թե ինչո՞ւ ոչինչ չի արվում՝ կանգնեցնելու Թուրքիայի կողմից ամերիկյան արտադրության F-16 կործանիչների օգտագործումն ընդդեմ էթնիկ հայերի։ Ի՞նչ պարզվեց Վաշինգտոնի հետ այդ հեռախոսազրույցից, ո՞րն է Վաշինգտոնի պատասխանը։

-Դուք տալիս եք ինձ մի հարց, որի պատասխանը թերևս պետք է տա ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Այս մասին ես բաց խոսել եմ միջազգային հանրության, տարբեր երկրների ղեկավարների, վարչապետների հետ իմ զրույցներում։ Նրանց հորդորել եմ միջամտել և ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի իր ներգրավվածությունը այս տարածաշրջանում, որովհետև նրա միջամտության արդյունքում այս հակամարտության մասշտաբը և բարդության աստիճանը բարձրացնում են ևս մեկ մակարդակով, և ի վերջո կարող են վերածել մեկ այլ Սիրիայի։ Սակայն եթե Կովկասը դառնա Սիրիայի նման մի վայր, այդ դեպքում թող Աստված օգնական լինի բոլորին՝ Եվրոպային, Կենտրոնական Ասիային, բոլորին։ Դա ազդեցություն կունենա բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի վրա։ Եթե Թուրքիային հնարավոր լինի զսպել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի օգնությամբ, ապա մենք հնարավորություն կունենաք հրադադարի և հետագա բանակցությունների, գուցե նաև՝ խաղաղապահների համար, և աստիճանաբար նաև հավանականություն կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Կարող է լինել միայն խաղաղ դիվանագիտական կարգավորում։ Այս ամենում Թուրքիայի ներգրավվածությունը լրջորեն մտահոգում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, այլև՝ աշխարհասփյուռ հայ համայնքներին, նրանց բարեկամներին։ Նրանք զգում են, որ Թուրքիան ցանկանում է ևս մեկ ցեղասպանություն իրականացնել, կրկնել այն, ինչ կատարվել է 105 տարի առաջ, որի միջոցով հայերը էթնիկական զտման են ենթարկվել և դուրս քշվել իրենց հայրենիքից։ Սա անընդունելի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլ՝ նաև բոլոր հայերի համար։

Բեքի Անդերսոն- Թուրքիան դա ժխտում է։ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունենալու կոչն արվել է ճիշտ այն բանից առաջ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է։ Ի՞նչ եք կարծում՝ Վաշինգտոնը որքանո՞վ է հետաքրքրված այս հարցով, Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ բավարար ուշադրություն չի ցուցաբերվում։

-Չեմ կարծում, որ Վաշինգտոնը չի հետաքրքրվում այն ամենով, ինչ կատարվում է Կովկասում, որովհետև սա շատ կարևոր տարածաշրջան է։ Այն ոչ միայն շատ կարևոր խաչմերուկ է, այլ նաև էներգետիկ մատակարարումների և մարդասիրական առումներով էական հետաքրքրություն է ներկայացնում շատ երկրների համար։

Դուք խոսեցիք կորոնավիրուսի մասին նշելով, որ Միացյալ Նահանգների նախագահը վարակվել է։ Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից և նրան ու Առաջին տիկնոջը մաղթել շուտափույթ ապաքինում և քաջառողջություն։ Նրա ներկայությունը շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ՝ նաև գլոբալ առումով, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար, որը պատրաստվում է նախագահական ընտրության։ Առողջություն մաղթելով՝ հույս ենք հայտնում, որ Միացյալ Նահանգները շատ մեծ ուշադրություն կցուցաբերի այն ամենին, ինչ կատարվում է տարածաշրջանում։

Երբ ասում եք, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այդ դեպքում նայեք, թե ԱՄՆ Սենատը, Ֆրանսիայի, Ռուսաստանի նման երկրները և շատ այլ պետություններ ինչպիսի որոշումներ են ընդունել այդ հարցով. նրանք բոլորը ճանաչել են այդ պատմական իրողությունը։ Նաև նայեք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում. Թուրքիան ներգրավված է Լիբիայում, ներգրավված է եղել Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում, ահաբեկում է մարդկանց Միջերկրականում, լարվածություն է ստեղծել Հունաստանի ու Կիպրոսի հետ, և այսօր էլ՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում մեծ փոփոխություն է առաջացնում։

Բեքի Անդերսոն- Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ երկու երկրները ՆԱՏՕ-ի գործընկերներ են, ուստի ՆԱՏՕ-ն կոչ է անում հավասարակշռված հրադադար հաստատել, որ դա է լուծումը։ Նա նշել է, որ բոլորը, այդ թվում` ՆԱՏՕ-ն, պետք է պահանջեն, որ խնդիրը լուծվի միջազգային օրենքներին, ՄԱԿ-ի բանաձևերին համահունչ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ և այդ տարածքներից Հայաստանի անմիջապես դուրս գալով։ Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կոչ անի, որ Հայաստանը դուրս գա այդ տարածաշրջանից։ Դա տեղի կունենա՞: Դուք Թուրքիային մեղադրում եք Ադրբեջան սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ։ Ինչպիսի՞ ապացույցներ ունեք այս առումով։

-Նախ՝ անդրադառնալով Ձեր հարցի առաջին մասին` կցանկանայի ՆԱՏՕ-ի իմ գործընկերներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային հարցնել, արդյո՞ք երբ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագիր էր ստորագրվում, ենթադրվում էր, որ Թուրքիան կարող է միջամտել երրորդ կողմի հակամարտությանը։ Այս դեպքում առհասարակ կապ չունի, թե դա իրենք ինչպես են բացատրում՝ էթնիկական կապեր կամ պայքար PKK-ի դեմ, կամ միջազգային էներգետիկ խողովակաշարերի պաշտպանություն, ինչն ուղղակի անհեթեթություն է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայերը երբևէ չեն կրակել կամ անգամ ակնարկներ չեն արել, որ դա կանեն։ Եթե նրանք ցանկանային դա անել, ապա 20 տարի առաջ կանեին՝ այդ կերպ Ադրբեջանին թույլ չտալով, որ միլիարդավոր դոլարներ վաստակի, որոնցով մեծածավալ զենք է գնել, և որն այսօր օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հայերին սպանելու համար։

Երկրորդ. եթե մենք ցանկանում ենք այս հակամարտությունը հանգեցնել խաղաղ կարգավորման, ապա պետք է վերադառնանք բանակցությունների սեղան, որի շուրջ Թուրքիան տեղ չունի։ Թուրքիան պետք է դուրս մղվի Ադրբեջանից և դադարի աջակցել Ադրբեջանին, որովհետև այդ կերպ դառնում է հակամարտության մեկ այլ կողմ։ Պատրա՞ստ է ՆԱՏՕ-ն ընդունել այն, որ իր անդամ երկիրը պատերազմում է Հայաստանի դեմ։ Ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Մենք որոշակի համագործակցություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, սակայն ՆԱՏՕ-ի անդամ չենք, իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը միջամտում է այս հարցին։

Բեքի Անդերսոն- Սիրիացի վարձկանների մասին ապացույցների մասով ի՞նչ կասեք:

-Ապացույցներն ակնհայտ են, դրանք համացանցում են, և կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Եթե ցանկանում եք, կարող եմ կառավարությանն ասել, որ դրանք ուղարկեն Ձեզ կամ Ձեր ներկայացուցչին, եթե դեռ չեք տեսել դրանք։ Համացանցում կան ձայնագրություններ, տեսանյութեր, նկարներ։ Ուրիշ այլ ի՞նչ ապացույցներ են պետք փաստելու, որ այդ մարդիկ այնտեղ են։ Եվ, իհարկե, նրանք ինքնուրույն չեն հայտնվել այնտեղ։

Բեքի Անդերսոն- Ռուսաստանը մերձավոր դաշնակից է։ Ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում, որ Ռուսաստանը կարող է տրամադրել այս պահին։

-Ռուսաստանը դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ ևս մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ճնշում կգործադրի առաջին հերթին Թուրքիայի վրա։ Իմ բանաձևը շատ պարզ է՝ մենք պետք է ռազմականապես և քաղաքականապես բացառենք Թուրքիայի ներկայությունն այս խնդրում։ Չգիտեմ, թե առհասարակ ինչպես է հնարավոր, որ հրետակոծությունների, մարտերի ընթացքում Թուրքիան հնչեցնի հրապարակային արձագանքներ, հրավիրի մամուլի ասուլիսներ և դա անի այնպես, կարծես այս հակամարտության մաս է կազմում։ Կարծում եմ՝ կկարողանանք դրական արդյունք գրանցել, եթե Ռուսաստանը կարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա և դրանից հետո լինի նաև երեք համանախագահների հորդորը՝ ուղղված Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա, և մենք կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։

--0--ԿԿ