«Ո՞ր հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ». Ալիևը հրաժարվել է խոստացած հարցազրույցից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ալիև

Գերմանական «BILD» պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերը Թվիթերի  միկրոբլոգում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է ԼՂ հակամարտության թեմայով հարցազրույց տալ լրատվամիջոցին, սակայն ավելի ուշ հրաժարվել է։

«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց տալ BILD-ին, իսկ հիմա հանկարծակի հրաժարվում է դրանից։ Ո՞ր հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»,- գրել է Ռոնժեյմերը:

Պարբերականի գլխավոր խմբագիրը նաև հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հարցազրույցներ տվել են պարբերականին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս