Ձեր սխալի շնորհիվ խաղաղապահները կանգնելու են ոչ թե Արցախի շուրջ, այլ ներսում. Զաքարյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 12,  24News  

զաքարյան

ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, երեկ, ինչպես միշտ «կաշին փրկող», մանիպուլյացիոն հայտարարություն տարածեց: Մասնավորապես՝ ասում են, իբրև թե ընդդիմադիրները՝

1. կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,

2. կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,

3. կողմնակից են պատերազմի շարունակմանը:

Սա հասարակությանը խաբելու, մոլորեցնելու հերթական փորձ է:

Ընդդիմությունը երբևէ չի ժխտել ռուսական միջնորդությունը, ավելին՝ միշտ կարևորել է այն: Ձեզ հազար անգամ ասել ենք, որ հայ-ռուսական հարաբերությւոնների ձեր, և ձեր «տերերի» կողմից վատթարացումը, բելերու է անդառնալի վատ հետևանքների: Ցավոք, այն տեղի ունեցավ, և Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին այդ հանգամանքից:

Ընդդիմությունը ռուսական խաղաղապահներին երբեք դեմ չի եղել, սակայն դուք արեցիք անդառնալի սխալներ, որի պարագայում խաղաղապահներն այժմ կանգնելու են ոչ թե Արցախի շուրջ, այլ բուն Արցախի տարածքների ներսում: Այնինչ կարող էիք ճիշտ ժամանակին կայացնել կրկին ցավոտ, բայց ոչ կապիտուլիացիոն որոշումներ: Արդյունքում չէինք կորցնի այն, ինչ դարերով պատկանել է արցախցիներին:

Խնդիրը պատերազմի շարունակությունը չէ, այլ պատերազմի խայտառակ արդյունքների ու դրանով ստեղծված հետևանքների քաղաքական շտկման հնարավորություն ենք տեսնում, որն այլևս դուք ի վիճակի չեք անելու: Ի վիճակի չեք, որովհետև չունե՛ք այլևս ներքին և արտաքին բավարար կշիռ, որպեսզի կարողանաք բանակցային ձևաչափում գոնե նվազագույն շահեկան դիրքերում հայտնվել:

Բացի այդ, եթե այդպես ջանասիրաբար հոխորտում եք ընդդիմադիր ուժերի վրա, ապա ինչո՞ւ նույն ջանասիրաբար չէիք անդրադառնում Ալիևին, որն իր հրապարակային հարցազրույցներում, միջազգային մամուլով բացահայտ ծաղրում էր ձեր քաղաքական ղեկավարին: Ցավոք, նա նաև մեր երկրի ղեկավարն է:

Տիկնայք և պարոնայք, մանդադով չեն քաղաքական գործիչ դառնում, մանդատը ձեզ օժտում է հայրենիքին ծառայելու իրավա-քաղաքական ուժով, իսկ դուք երկրի շահը մի կողմ թողնելով, ձեզ անհրաժեշտ պահին, պարզապես դառնում եք սովորական բանսարկու»:

--00--ԱԹ