Ունենք հոսպիտալացման հերթի սպասող 553 վարակակիր. նրանց վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Առողջապահական համակարգը, ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի, խոսքը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժմանն է վերաբերում, միևնույն ժամանակ շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել: 

«Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել և դեռ չունենք հակառակ ծավալման որևէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում»,- ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր: 

«Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- ասել է նա:

--00—ԼՄ