Հույս ունեմ՝ դիերի փոխանակումը կարճ ժամանակում կիրականացվի, և անորոշությունից դուրս կգանք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը:

«Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, որոնք պետք է կարճ ժամանակում լուծել: Իհարկե, արդեն սկսել են որոշ շահարկումներ՝ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունն արդեն հանդես է եկել հստակ պարզաբանմամբ և կարծում եմ՝ հանրությանը հուզող հարցերի պատասխանը տրվել է: Իհարկե, դեռևս անորոշություններ կան, այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատանքին և խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ տեղի է ունենում նաև դիերի փոխանակության գործընթաց: Հույս ունենք, որ այդ ցավալի գործընթացը կարճ ժամանակում կիրականացվի և մենք անորոշություններից դուրս կգանք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը և ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար: «Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձևավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից ևս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով և կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաև մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները: Դրա արդյունքում տեղափոխման ժամանակը կրճատվել է երեք անգամ»,- հավելել է նախարարը:

--00—ԼՄ