32-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ակբա բանկի» մասնաճյուղում ավազակային հարձակման կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

․

2021թ. փետրվարի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ավազակային հարձակմամբ զինված մուտք է գործել երևանյան բանկերից մեկի մասնաճյուղ («Ակբա բանկ»), սակայն հարձակում կատարած անձը վնասազերծվել է բանկի անվտանգության աշխատակիցների կողմից, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախնական տվյալներով՝ բանկի մասնաճյուղ ներխուժած անձը ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 5.665.233 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀքրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննութուն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ  հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.: Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել։

Հայտնաբերվել է որպես զենք օգտագործված հուշանվեր ատրճանակը և հափշտակված գումարը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ