Մայր ու աղջիկ Թունյանները չեն լքել Պլեթանց գյուղը. ենթադրվում է` նրանք գերեվարված են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

նկար

Որտե՞ղ են Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի երկու բնակչուհիները՝ մայր ու աղջիկ, Վարյա ու Անահիտ Թունյանները։ Հայկական կողմը ենթադրում է, որ նրանք գերեվարված են, Ադրբեջանը, ինչպես շատ այլ հայ գերիների դեպքում, չի հաստատում։ Թեմային անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանը:

Ադրբեջանցիները Պլեթանց են մտել հոկտեմբերի 9-ին։ Գյուղապետ Անգին Ծատրյանը ոչ մի կերպ չի կարողացել համոզել կանանց, որ հեռանան գյուղից․

«Ավտոներով սկսեցի կազմակերպել տարհանումը։ Հետո գնացի, իրանց կանչեցի, ասեցի՝ Վալյա, արդեն դրությունը լավ չի, պըտի գյուղից հելնենք։ Ասում ա՝ ես ոչ մի տեղ էլ չեմ հելնում, իմ տունը, իմ տեղը չեմ թողնում»։

Պլեթանցը փոքր, ընդամենը 28 բնակիչ ունեցող գյուղ է Հադրութից 20 կիլոմետրի վրա։ Արցախի հանրային հեռուստաընկերության 8 տարվա վաղեմության տեսանյութում Վարյա Թունյանն է, պատմում է, թե ինչ դժվարությամբ է տուն-տեղ դրել, ամեն ինչ փողով․ - «Ես իմ տունս, իմ օջախս եմ շինել։ Հա՛մ խոխոց պենսիան եմ ստացալ, հա՛մ իմ պենսիաս։ Շիֆեր եմ առալ, ցեմենտ եմ առալ․․․ ուստա փռնալ, տունը շինել»։

Համայնքապետ Ծատրյանն ասում է, որ Վարյա տատիկի որդին արցախյան առաջին պատերազմում է զոհվել։ Ամուսինը նույնպես մահացած էր, վերջին տարիներին մայր ու աղջիկ իրենք իրենց տնտեսությամբ էին ապրում․ - «Վեց հատ այծ էին պահում, մեկ էլ հավ էին պահում, հող էին մշակում»։

Պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղը ռումբերի ու հրթիռների տակ էր, բնակիչները` նկուղներում։ Համայնքապետն ասում է, որ այդ ժամանակ էլ 55-ամյա Անահիտը 87-ամյա մոր հետ նկուղ չէին իջնում։

«Ոչ մեկին չէին ենթարկվում», - հիմա, երբ արդեն իր բնակիչներից ոչ մի տեղեկություն չունի, նեղսրտում է գյուղապետը․ - «Վերջին օրը, արդեն որ թուրքերի պիտի մտնեին գյուղը, գնացել ասել եմ՝ Վարյա ծոծյա, գյուղից հելեք, ասում ա՝ է, թուրքը չի գալու ստեղ։ Դուք փախեք, ասում ա, ես գյուղից չեմ հելնի»։

1991 թվականին էլ ադրբեջանցիները Պլեթանց էին մտել, դարձյալ բոլոր գյուղացիները հեռացել էին, մայր ու աղջիկ՝ մնացել։ «Ասում ա՝ չէ, իմ խմորս հունցած ա, ես ո՞նց պիտի գնամ։ Հաց եմ թխելու, ասում ա․․․ էլի չի ենթարկվել, գյուղից դուրս չի եկել, ոտից վիրավորվել ա, թուրքերը տարել են», - պատմում է գյուղապետը։

Աղջկան այդ ժամանակ ադրբեջանցիները չեն գերեվարել։ Նրան չէին տեսել, որովհետև իջել էր նկուղ մոր ոտքը վիրակապելու համար սպիրտ բերելու։ Վարյա տատիկին ադրբեջանցիները վերադարձրել էին մի քանի շաբաթից։

Գյուղապետն ասում է, որ նա հրաշալի թուրքերեն գիտեր։ Անգին Ծատրյանն էլ է ենթադրում, որ պլեթանցի երկու կանայք գերեվարվել են, քանի որ պատերազմի ավարտից հետո իր որդին փրկարարների հետ գյուղը, մերձակա տարածքները զննել է, մարմիններ չեն գտել:

--00--ԱԹ