Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Հասարակական

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանից։

Ինչպես ավելի տեղեկացրել ենք՝ վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Ընդ որում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, մինչդեռ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։

Այս հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։ ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն, որը մերժվել է։

--00--ԿԿ