Ամեն ինչ անելու ենք,որ ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում հզոր բանակներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

․

Պաշտպանության նախարարությունում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեծագույն խնդիրն է՝ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացն առավելագույն թափով իրականացնելը:

«Մենք բոլորս շատ մեծ պատասխանատվության տակ ենք և պետք է կրենք այդ պատասխանատվությունը: Փաստն այն է, որ ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգն առաջադրել և մենք մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից: Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում: Իհարկե, մենք իրար հետ աշխատում ենք արդեն բավականին երկար ժամանակ, գործնականում ավելի քան 2 տարի և հույս ունեմ, որ նաև մեր համատեղ աշխատանքի պատմությունը կօգնի մեզ, որպեսզի Պաշտպանության նախարարությունը և կառավարության մյուս մարմիններն ու Զինված ուժերը սինքրոն գործեն: Հետևաբար ես մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին»,- ասել է վարչապետը:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ունենք ռազմաքաղաքական իրավիճակ, որը պարտադրում է մեզ ունենալ մարտունակ բանակ:

«Կարևորագույն խնդիրն է այսօր՝ ավարտին հասցնել մեր բարեփոխումները: Դա է այն երաշխիքը, որ կապահովի մեր պետության անվտանգությունը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ ծառայության համար և մաղթել բարի ծառայություն: Ես մնում եմ ձեր շարքերում»,- ասել է նա:

Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը նշել է.

«Պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ: Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները և չենք վերաբերվում դրանց որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում հակառակորդի ոտնձգություններից խաղաղություն ապահովենք, մենք ամեն ինչ անելու ենք մեր սահմանները պաշտպանելու և արդեն նախաձեռնված ներդրումների և բարեփոխումների շնորհիվ հայկական բանակի ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի ՀՀ ԶՈՒ-ն կարողանա լինել տարածաշրջանում իր համբավն ունեցող, հզոր բանակներից մեկը: Շնորհակալություն վստահության համար, մեզ բոլորիս ցանկանում եմ այդ գործում հաջողություն: Աստված մեզ պահապան»:

Ամփոփելով հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աստված մեզ ուժ ու կամք տա, որպեսզի մենք մեր ժողովրդի, մեր պետական ազգային նպատակներն իրագործենք»:

--00--ԱՀ

Տեսանյութեր