ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 11, 24News
Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական ծառայությունը՝ մեկնաբանելով 22 տարի առաջ Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործը։
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ գործընթացն ամբողջությամբ փակ է և որևէ թեմա բարձրաձայնման ենթակա չէ։
«Ո՞ր դատապարտյալն է խնդրագիր ներկայացրել ներման հանձնաժողով, խնդրագրին ի՞նչ եզրակացություն է տրվել, արդյոք դա ուղղվա՞ծ է վարչապետին, թե՞՝ ոչ։ Այս թեմայով արդարադատության նախարարությունը տեղեկություն հրապարակելու իրավասություն չունի», - պարզաբանել է լրատվության պատասխանատուն, ապա հավելել․
«Այս գործընթացը եռաստիճան է։ Հանձնաժողովը, որպես խորհրդատվական մարմին, քննում է, տալիս եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում այն փոխանցվում է վարչապետին և վերջինիս հայեցողությամբ ներկայացվում նախագահին։ Նախագահի հրամանագիրը ևս փակ է։ Դրա մասին տեղեկացվում է դատապարտյալը կամ փաստաբանը, այսինքն՝ այն փակ շղթա է», - եզրափակել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովն օրերս դրական եզրակացություն է տվել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ներման հարցին։