Արցախցի երեխաների իրավունքների պաշտպանության մասին ԱՀ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

ՄԻՊ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին» արտահերթ զեկույց, տեղեկացնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։

Զեկույցը կազմվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքներով։ Այս ոլորտում հետազոտությունն առաջինն է Արցախի Հանրապետությունում, որի նպատակն էր խորությամբ ուսումնասիրել և ներկայացնել ԱՀ-ում երեխաների իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության համար առկա օրենսդրությունն ու իրավիճակը:

Հետազոտությունն իրականացվել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ԱՀ օրենսդրության և պրակտիկայի համապատասխանելիության, դրանց կարգավորվածության աստիճանի համատեքստում:

Հետազոտության ենթարկվել են ոչ թե բոլոր իրավունքները, այլ այն համախումբը, որն ընտրվել է աշխատանքային խմբի կողմից առաջնահերթության, կարևորության ու համապարփակության տեսանկյուններից: Հետազոտված իրավունքները ներկայացվել են միջազգային և ազգային չափանիշների համատեքստում:

Հետազոտությունն իրականացվել է 2020թ-ի մայիսից մինչև 2021թ-ի օգոստոս: Աշխատանքներն ընդհատվել էին 2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ-ի հունվար՝ պայմանավորված ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմով և դրա հետևանքներով:

Զեկույցում ներկայացվել են երեխայի տարբեր իրավունքների վերաբերյալ 170 առաջարկություններ, որոնց վերաբերյալ Պաշտպանը քննարկումներ է ունենալու իրավակիրառ և օրինաստեղծ մարմինների հետ՝ դրանք կյանքի կոչելու օպտիմալ ձևաչափեր գտնելու համար:

Արտահերթ զեկույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Պաշտպանի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով։

--00—ՄՀ