Ոստիկանները Ալափարս գյուղի տներից մեկում թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Օգոստոսի 25-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչներից մեկն իր տանը և օժանդակ շինություններում աճեցնում և պահում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Օգոստոսի 30-ին խուզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց 417 գրամ մանրացված-չորացված կանեփանման զանգված, 9673 գրամ կանեփի զանգված և 250 թուփ։

59-ամյա տղամարդը կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն, որտեղ հայտնեց, որ հայտնաբերվածը ինքն է մշակել ու չորացրել իր օգտագործման համար։

Կատարվում է նախաքննություն։

--00--ԱԹ