Հայ-չինական հարաբերություններն ունեն հետագա զարգացման մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Փաշինյան

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ։ 

  Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաս­տա­տումից ի վեր։ Չինաստանը, որպես միջազգային հարաբերություններում կարևոր դերակատար իր նպաստն է բերում համաշխարհային զարգացման օրակարգում և հանդիսանում է Հայաստանի առաջնային գործընկերներից մեկը։ 

  Վստահաբար կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերու­թյուն­ների հաստատման 30-ամյակին ընդառաջ մեզ հաջողվել է կարևոր հանգրվանի հասցնել մեր փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտ­ներում։ 

  Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-չինական համագործակ­ցությունը հարաճուն կերպով կխորանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր ժողովուրդների։

  Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղա­ղություն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի կառավարությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-ամյակի կապակցությամբ: 

Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ ավանդական բարեկա­մական հարաբերությունները և փոխշահավետ գործակցությունը։ Մեր երկրներին միավորում է համատեղ աշխատելու, միջազգային հարթակներում փոխգործակցելու դրական փորձառությունը։ Վերջին ժամանակահատվածում COVID-19-ի դեմ պայքարում Չինաստանն օժանդակություն ցուցաբերեց բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ Հայաստանին, որի համար խորապես շնորհակալ ենք։

Գոհունակությամբ պետք է արձանագրել, որ անգամ համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում մեր երկկողմ առևտրաշրջանա­ռության ծավալներում զգալի աճ է գրանցվել, ինչը վկայում է այն մասին, որ հայ-չինական հարաբերություններն ունեն հետագա զարգացման մեծ ներուժ: Լիահույս եմ, որ հաստատակամ քայլերով մենք կարող ենք առաջ մղել մեր գործակցությունը՝ հանուն մեր ժողովուրդների և ապահով ու անվտանգ ապագայի։

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ շարունակական ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և համագործակցության նոր հորիզոնների հասնելու ուղղությամբ։ 

Տոնական այս օրը, Ձերդ գերազանցություն, Ձեզ և Ձեր ժողովրդին մաղթում եմ բարօրություն և վերընթաց հաջողություններ»,-նշված է ուղերձում:

--00--ԱԹ