Փնտրվում է բարերար կամ կամեցող մարդ. ով պետք է վերադարձնի գումարները. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

ավանեսյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին: Նախարար Ավանեսյանը, սակայն, հայտարարել էր, որ նախարարությունը որևէ մեկին որևէ գումար չի վերադարձնելու:

ՍԴ-ն, ըստ ԱՆ-ի, գումարները վերադարձնելու պահանջը ոչ թե կոնկրետ նախարարությանն է պարտադրել, այլ պետությանը: Ի վերջո, ով է քաղաքացու «փողերը հետ տալու» հարցին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսպես է արձագանքում. «Պետական բոլոր գերատեսչություններն էլ ֆինանսավորվում են մեկ տեղից՝ պետբյուջեից: Իսկ թե ում դիմի քաղաքացին, դա արդեն հարցի կարևոր մասն է: Հույս ունեմ, որ փաստաբանները կարձագանքեն այս իրավիճակին ու գործընթաց կտանեն: ՊՇՌ թեստի ՀԴՄ կտրոնը կցելով համապատասխան գրությանը՝ այն Առողջապահության նախարարություն կուղարկեն՝ պահանջելով տրամադրել թեստի գումարը:

Դրանից հետո արդեն քաղաքացիական ու վարչական կարգով հայտը պետք է բողոքարկվի դատարանում, որովհետև վերջիվերջո հասցեատերը դատարանն է»: Վարդևանյանն ասում է նաև, որ եթե եվրոպական որևէ երկրում Սահմանադրական դատարանը նման որոշում կայացներ, ապա դա ունենալու էր թե՛ քաղաքական, թե՛ կիրառական լրջագույն հետևանքներ: Այսպիսով, մինչ այս պահն այդպես էլ հստակ չէ` ով է փոխհատուցելու քաղաքացու ՊՇՌ թեստի գումարը։

Նախարար Ավանեսյանը այսպես է մեկնաբանում. ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է հակասահմանադրական, սակայն չի արգելել, որ քաղաքացին իր այդ նույն ՊՇՌ հետազոտությունը կատարի իր բարեկամի կամ, ասենք, ինչոր բարերարի հաշվին: Հետևաբար, հիմա փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

--00—ՄՀ