Քրիստիննե Գրիգորյանը ՄԱԿ-ի, Եվրամիության ներկայացուցիչների հետ այցելել է Կապանի ՄԻՊ ստորաբաժանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

gsf

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը Սյունիք շարունակվում է:

Սյունիք այցի երկրորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ Կապանի ՄԻՊ ստորաբաժանման գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին։

Պատվիրակության անդամները ծանոթացել են Կապանի ՄԻՊ ստորաբաժանման աշխատանքներին և գործունեությանը։

Գրասենյակում կազմակերպվել էր նաև հանդիպում «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանի և «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմենակ Դավթյանի հետ։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձել ներկայիս խնդիրներին, ինչպես նաև առաջարկել նոր ծրագրեր ու գաղափարներ՝ ՀԿ-ների արդյունավետությունը բարձրացնելուն միտված։

Այնուհետև, Պաշտպանը և պատվիրակության անդամները փակ հանդիպում են ունեցել գերեվարված քաղաքացու հարազատի հետ։

Հանդիպման ավարտից հետո պատվիրակությունն ուղևորվել է Գորիս։

 

--00--ՍԳ