62-ամյա արմավիրցու տնից մի քանի հարյուր գրամ մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 15-ին: Այդ օրը նրանք այցելեցին Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղ, որտեղ զննություն կատարեցին 62-ամյա տղամարդու տանը: Ցանկապատված տարածքի հավաբնում, ակնառու վայրում, հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով ապակյա երկու տարա՝ ընդհանուր 950 գրամ քաշով:

Հայտնաբերվածի կապակցությամբ տանտերը հայտնեց, որ նախորդ տարի իր հողամասում ինքն էր աճեցրել կանեփը, չորացրել և պատրաստել թմրամիջոց:

Նույն օրը Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները, դարձյալ Նոր Արմավիր գյուղում, իրացրին մեկ այլ օպերատիվ տվյալ՝ մեկ այլ տնից հայտնաբերելով մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչ։
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ