Պարո՛ն Հովհաննիսյան, հիշեք Տեր-Պետրոսյանի թիկնապահին, հիշեք, թե ինչ ավարտ ունեցավ նրա ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Միքայել Համբարձումյան

Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում «Mediahub» լրատվական կայքի մեր գործընկերները փորձել են մոտենալ ու հարցեր ուղղել տարածքում գտնվող պետական պահպանության անվտանգության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին: Ծառայության աշխատակիցները ոչ միայն խոչընդոտել են մասնագիտական պարտականությունները կատարող մեր գործընկերներին, դեռ մի բան էլ ՊՊԾ պետը, որը նախկինում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետն է եղել, հարվածել է կայքի օպերատորին:

ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին։

«Ես Սարգիս Հովհաննիսյանին ճանաչում եմ որպես փորձառու և պարկեշտ մարդու․ չէի սպաում իրենից ԱԱԾ բարձրաստիճան սպային ոչ հարիր նման վարքագիծ։ Կարծում եմ՝ նրա նյարդերը տեղի տվեցին։ Հուսամ՝ այլևս չի կրկնվի: Իշխանություն ունենալը չի նշանակում ամենաթողություն, չէ՞ որ այն մարդուն ժամանակավորապես է օգնում լինել անձեռնմխելի, պարո՛ն Հովհաննիսյան, հիշե՛ք այդ մասին:

Հիշեք նաև նույն ծառայության նախկին ղեկավար, Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության պետ «Բուդոյին»՝ Ռոմեն Ղազարյանին և նրա հետ կապված նմանատիպ վատ պատմությունները, որոնք ծառայության ներսում միանշանակ խիստ բացասական գնահատականի էին արժանանում: Հիշեք, թե ինչ ավարտ ունեցավ նրա ծառայությունը: Խորհուրդ կտամ Ռոմեն Ղազարյանի՝ «Բուդոյի» ծառայության ավարտը հիշեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները»,- ասել է Միքայել Համբարձումյանը։

--00--ԱՀ