Բաքուն ռուս խաղաղապահներին փոխանցել է էկոլոգիայի հետ կապ չունեցող պահանջներ. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Capture

Ռուսաստանի Դաշնության  արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ Ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական «բնապահպանների»՝ հանքավայրեր այցին,  ապա իրականությունն այն է, որ ս. թ. դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն առաջին անգամ արգելափակելուց հետո ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին  փոխանցել  է գրավոր առաջարկներ, որոնք բնապահպանական խնդիրների հետ ոչ մի առնչություն չեն ունեցել և բացարձակապես անընդունելի են եղել Արցախի համար:

Չնայած սրան՝ արցախյան կողմը  կառուցողական մոտեցում է ցուցաբերել՝ խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին փոխանցելով այն պայմանները, որոնց պահպանման պարագայում պատրաստ կլինեն թույլ տալ ադրբեջանական բնապահպանների այց հանքավայր:

Ադրբեջանական կողմը չի պահպանել արցախյան կողմի պայմանները և  նրանց  պատասխանը  եղել է արդեն ճանապարհի երկարաժամկետ արգելափակումը՝   ոչ միայն լուրջ հումանիտար խնդիրներ ստեղծելով  Արցախի 120 հազար բնակչության համար, այլ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:

Հուսով ենք, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել է նաև եռակողմ հայտարարության կետերի պահպանման կարևորության հարցը:

Այդուհանդերձ, չնայած ադրբեջանական կողմի  խախտումներին, արցախյան իշխանություններն այսօր էլ հայտարարում են, որ  կառուցողական են տրամադրված և պատրաստ են որպես բանակցային կողմ ներգրավվել Արցախին վերաբերող ցանկացած հարցի քննարկումներում:

--00—ՅՄ