Եթե Սիրիային չօգնեցին, երկրաշարժից չմահացած մարդիկ սովից կմեռնեն. Հալեպի ՍԴՀԿ ատենապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Խ

Հայկական համայնքում ծայրահեղ ծանր վիճակ է, դիմում ենք ամբողջ հայությանը։ Այս մասին 24News-ին ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հալեպի վարիչ մարմնի ատենապետ Ավո Խոշաֆյանը՝ անդրադառնալով առկա իրավիճակին։

Խոշաֆյանն ասաց, որ առաջին հերթին առկա է դեղորայքի խնդիր․ «Հիվանդանոցները մարդկանցով լեցուն են, երեխաներ կան, որ կաթի կարիք ունեն։ Դրսից եկած օգնությունն առաջնահերթ բաժանվում է հիվանդանոցների մեջ, դրա համար մենք կոչ ուղղեցինք, որ մեզ նյութական օժանդակություն ուղարկեն, որ կարողանանք մեր երեխաներին հասցնել»։

«Երկրորդը խնդիրը վերաբերում է անապաստան մնացած հայերին, որոնք դուրսն են մնացել։ Պետք է իրենց տաքություն տվող միջոցներով ապահովենք, որ կարողանանք գոնե իրենց դրսում պահել։ Կենտրոններում այլևս տեղ չկա, մարդիկ իրար վրա են լցված։ Երրորդ խնդիրը վերաբերում է սննդին, չենք կարողանում սննդով ապահովել առանց այն էլ պատերազմից տուժած մարդկանց։

Եթե դրսից օգնություն, օժանդակություն չգա, մարդիկ անոթի պիտի մեռնեն, եթե երկրաշարժից չմեռնեն։ Բայց շատ մեծ աշխատանք ենք տանում, որ մեր կարողություններից ավելի անենք, որ գոնե իրենց հաց հասցնենք, առօրյա փորը կշտացնենք»,- նշեց սիրահայ գործիչը։

Չորրորդ խնդիրը, Խոշաֆյանի փոխանցմամբ, վերաբերում է Կիլիկյան ճեմարանին․ «Մեր առաջին կրթօջախն է, որ հիմնվել է Հալեպում 1921 թվականին։ Երկրաշարժի հետևանքով մեծ վնասներ է կրել, 3 մասից է բաղկացած՝ մանկապարտեզ, նախակրթարան, երկրորդական վարժարան։ Նախակրթարանն է վնասվել, չենք կարողանա աշակերտ ընդունել, մինչև չվերանորոգենք, դա էլ մեծ ծախսերի հետ է կապված։ Մենք կուզենք կոչ ուղղել համայն հայությանը, որ կարողանանք մեր վարժարանում այբուբենը սովորեցնել, մեր սերնդին կարողանանք դաստիարակել։

Սկզբում Կիլիկյան գաղթական վարժարանն էր, 1915 թվականին այստեղ եկած հայությունը հազիվ կարողացավ հիմնել։ Եթե օժանդակութուն չհասնի, չենք կարողանա վարժարանի դռները բացել»։ Խոշաֆյանը հավելեց նաև, որ 5-րդ խնդիրը վերաբերում է ընտանքիներին փոքր նյութական օժանակություն փոխանցելուն, որ հնարավոր լինի առօրյան ապահովել․ «Վիճակը վատ է, հանգիստ տեղ չկա, տներն անապահով վիճակում են։ Արդեն պատերազմի ժամանակ այդ տները ցնցված էին։ Այդ ընտանքիները դուրսը չեն մնացել, բայց սնվելու գումար չունեն, դրամ չունեն բան գնելու, իրենց պետք է օգնություն հասցնենք»։

«Ազիզիէ, Նոր Գյուղ, Սուլեյմանիա թաղամասերում տները շատ են վնասվել։ Մարդիկ կարծում են, թե շենքը պետք է փլվի, նո՞ր օգնության հասնեն։ Մենք այս մարդկանց ինչպե՞ս պետք է սնունդ հասցնենք, եթե դրսից օժանդակութուն չգա։ Զանազան երկրներից եկած օժանդակությունը բաժանվում է նրանց, որոնց տները փլվել են։ Շատ տանգնապալի, շատ ցավալի վիճակ է»,- եզրափակեց հալեպահայ գործիչը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ