Ռոբերտ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանը ցուցմունք չի տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Ռոբերտ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանը ցուցմունք չի տվել։ Այդ մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել գործի առնչությամբ, և այդ ցուցմունքը ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել Քոչարյանի դեմ։ Հարցին՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում միայն Արշակ Կարապետյանի ցուցմո՞ւնքն է, թե այլ բարձրաստիճան անձանց ցուցմունքներ էլ կան, Ալումյանը պատասխանեց․

«Անգամ Կարապետյանի ցուցմունքներն այնպիսին չէին, որոնց հիման վրա կառուցեին մեղադրանքը։ Ուզում  ենք հասկանալ, ի՞նչի հիման վրա է լինելու մեղադրանքը։ Մեզ համար հասկանալի է դառնում, որ նախատեսված է եղել ուժային ձևով լուծել խնդիրը, գործն ուղարկել դատարան ու այնքան ճնշել, մինչև դատարանը մեղավոր ճանաչի Քոչարյանին»,- նշեց Ալումյանը։

Անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքով կամ խնդրանքով Հայկ Ալումյանը հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանին, Քոչարյանի պաշտպանը նշեց, որ ՀՀԿ շենքում եղել է մարդ, որը գործը քննում է, բայց այդ մարդը Սերժ Սարգսյանը չէ։ 

Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը հետաձգվեց։