Արամուսի դպրոցում դասադուլ է․ պահանջում են՝ տնօրեն չնշանակվի Կոտայքի մարզպետի թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

դպրոց

Մարտի 22-ի վաղ առավոտվանից Կոտայքի մարզի Արամուս գյուղի՝ Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում դասադուլ է սկսվել․ երեխաները, ծնողներն ու ուսուցչական ողջ անձնակազմը պահանջում են՝ դպրոցի տնօրեն նշանակվի երկար տարիներ նույն դպրոցում փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիպոսյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:

Աղբյուրը նշում է, որ օրերս դպրոցում տնօրենի ընտրություն է եղել, և թեկնածուներից մեկը եղել է Փիլիպոսյանը, իսկ մյուսը՝ Նոնա Պողոսյանը։ Վերջինս Աբովյանի բնակիչ է և աշխատել է Աբովյանի 10-րդ դպրոցում՝ որպես դասվար, և նրա թեկնածությունը, հավաքվածների ասելով, առաջադրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Ընտրությունների 2 փուլերի արդյունքում թեկնածուները հավաքել են 4-ական ձայն, սակայն դպրոցի կոլեկտիվը նամակ-դիմումով խնդրել է փոխվարչապետին, որպեսզի տնօրեն նշանակվի Փիլիպոսյանը։

Այս պահին դպրոցում դասապրոցեսը խաթարվել է, սակայն Փիլիպիոսյանը հորդորում է երեխաներին, որպեսզի նրանք անցնեն դասարաններ և դասապրոցեսը շարունակվի։

Երեխաներն ասում էին, որ իրենք հարգում են Փիլիպոսյանին, ընդունում նրա խոսքը, սակայն ուզում են՝ Կոտայքի մարզետն ու կառավարությունը հարգեն իրենց կարծիքը: