ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Արդեն երկու օր է, ինչ Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով իրականացվում է բռնի տեղահանված անձանց տեղափոխում Հայաստան: Նրանց դիմավորում և ընդունում են Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում, որտեղ նրանք ստանում են աջակցություն, գրանցում են, տեղի է ունենում առաջնային կարիքների գնահատում:
Կոռնիձոր-Գորիս ճանապարհահատվածը երթևեկության առումով չափազանց ծանրաբեռնված է: Ոստիկանության մեքենաները պարբերաբար բռնի տեղահանվածներով ավտոշարասյուներն այնտեղից ուղեկցում են Գորիս:
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Կոռնիձորում հաշվառումից հետո այն քաղաքացիները, որոնք ունենում են կեցության հետ կապված խնդիրներ, նրանց ուղեկցում են Գորիսում գործող կոորդինացիոն կենտրոն, որտեղ պատկան մարմինները նրանց ապահովում են ժամանակավոր բնակության վայրով: Ըստ անհրաժեշտության՝ մարդկանց Կոռիձորում ցուցաբերվում է նաև հոգեբանական աջակցություն, բուժօգնություն:
«Այս ամբողջ ընթացքում բռնի տեղահանվածների հոսքը չի դադարում, Կոռնիձում տեղակայված վրանային կայանն ու Գորիսում գործող կոորդինացիոն կենտրոնն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ հասցեագրվեն մարդկանց կարիքները: Նրանց փաստաթղթավորումն իրականացվում է տեղում, գրանցվում են, որպեսզի հետո նրանց հոգսերը հոգալու գործընթացը սկսվի: Ժամը 17:00-ի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից արդեն իսկ Հայաստան է մուտք գործել 6650 բռնի տեղահանված: Նրանց աջակցելու աշխատանքները շարունակական են, պետական բոլոր պատասխանատու մարմինները ներգրավված են մեր հայրենակիցներին օգնելու գործընթացում, որպեսզի բոլոր խնդիրները հնարավորինս լուծվեն»,- ասաց Սարգսյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ