Տեղի է ունեցել Էրդողան-Բայդեն հեռախոսազրույց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

բա.

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Թուրքական կողմը նշում է, որ հեռախոսազրույցը նախաձեռնել է ամերիկյան կողմը:  Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին՝ հոկտեմբեր 7-յան սրացումներից հետո Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Թուրքիա-ԱՄՆ  հարաբերությունները, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային հարցեր:

Էրդողանն ընդգծել է Գազայում տիրող իրավիճակը հնարավորինս շուտ հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Նա նշել է նաև, որ Իսրայելին ԱՄՆ-ի անվերապահ աջակցության դադարեցումը կարող է արագորեն ապահովել հրադադարը։

Բացի այդ Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայելի հարձակվողական գործողությունների շարունակականությունը կարող է ունենալ տարածաշրջանային և համաշխարհային բացասական հետևանքներ։

Ապա, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում, առաջ քաշել Թուրքիայի առաջարկած երաշխավորի մեխանիզմի ձևավորումը՝ որակելով այն որպես ամենաողջամիտ և մնայուն լուծում:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարները անդրադարձել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքված F-16 կործանիչների վաճառքի գործարքին:

--00--ԼՀ