Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ խոսել է տնտեսական հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

l-53x0wh-1794x1045z-0.4383

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Յաննիս Պլակյոտակիսի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման համար՝ կարևորելով երկու բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմի արդյունավետ կիրառումը։

ՀՀ դեսպանը ներկայացրել է զրուցակցին տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը՝ կարևորելով ԵՄ դերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում։ Այս համատեքստում դեսպանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ու Եվրոպական Միությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին ուղղված ցուցաբերվող աջակցության համար։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին դեսպան Մկրտչյանն ընդգծել է տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը։

Իր հերթին Հունաստանի խորհրդարանի փոխոսնակն արձանագրել է երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակը, ընդգծել, որ Հունաստանի կառավարութունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, փոխխոսնակը վերահաստատել է Հունաստանի դիրքորոշումը՝ դատապարտելով բռնության բոլոր դրսևորումները Լեռնային Ղարաբաղի համատեքստում` մտահոգություն հայտնելով ծագած հումանիտար խնդիրների լուծման կապակցությամբ, աներկբա աջակցություն արտահայտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը։

Միաժամանակ պարոն Պլակյոտակիսը գոհունակություն է հայտնել՝ Կիպրոսի հիմնախնդրի հարցում Հայաստանի հաստատակամ աջակցության համար։

--00—ՅՄ