Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

Իրավական

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- ասաց Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը և ևս 4 անձինք՝ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել էին 2018 թվականի  հունիսի 17-ին: Արթուր Ասատրյանը ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): Ըստ մեղադրանքի՝ Դոն Պիպոն առեւանգել եւ երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երեք անձանց, որոնց ծեծի են ենթարկել, պահանջելով խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։