58 երթուղու ավտոբուսի մեջ ուղեւորի պայուսակից հափշտակել է դրամապանակ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Օգոստոսի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ նույն օրը 58 երթուղու ավտոբուսի մեջ ինչ-որ մեկը պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր:

Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել:

Բացահայտման աշխատանքներին միացան նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, եւ հենց նրանց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ էլ օրեր անց գողություն կատարած անձը հայտնաբերվեց:

Օգոստոսի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Ամիրյան փողոցի 31-ամյա մի բնակչի:

Նա խոստովանել է կատարածը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք` մարդաշատ վայրերում պայուսակները, դրամապանակները, բջջային հեռախոսները պահել տեսադաշտում, նման վայրերում զերծ մնալ թանկարժեք զարդերն ի ցույց դնելուց: