Ոստիկանները զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկել զինված քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: