Ալավերդիում 29-ամյա երիտասարդը ծեծել է 70-ամյա մորը. որդին կալանավորվել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

մայր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 70-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա երիտասարդին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Նախաքննության ընթացքում, ձեռք բերված տվյալների համաձայն, Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակիչը 70-ամյա թոշակառու մորից, սեփական կարիքները հոգալու նպատակով, պահանջել է գումար, մերժվել և այդ հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, որի ընթացքում ծեծել է նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ալավերդի քաղաքի 29-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: