Լոռու մարզի աղբարկղերի մատակարարման գործընթացում չարաշահումներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, Սպիտակում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել:

Իրավապահները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, պարզել են, որ Սպիտակ քաղաքի աղբահանության, սանիտարական մաքրման, կանաչապատման, ինչպես և Արևաշող համայնքի փողոցների սանմաքրման և Մեծ Պարնի համայնքի կարիքների համար աղբարկղերի մատակարարման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինությունը, 2018-2019 թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով հիշատակված համայնքներում գործող տարբեր տնտեսվարողների, ինչպես և մասնավոր անձանց հետ, առանց պայմանագրերով նախատեսված աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հավաստող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշիվ-վավերագրեր, կատարողական ակտեր, որոնք շրջանառության մեջ դնելով` ներկայացրել են պայմանագրերով սահմանված գումարները վճարելու լիազորությամբ օժտված իրավասու պաշտոնատար անձանց և խաբեության եղանակով փաստացի չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների դիմաց անհիմն ստացել են, այս պահին քննությանը հայտնի տվյալներով մոտ 6 միլիոն 900 հազար դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news