Նամակ՝ բանտից-5․ «կայֆը»՝ գաղութում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակություն

Բարև, ո՞նց ես։ Իմ մոտ սաղ նույնն ա, ոչ մի բան չի փոխվել։ Էն օրը ստեղ մի հոգի «պերեդոզից» մահացավ, հիշո՞ւմ ես նախորդ նամակը, որ կիսատ թողեցի՝ «եղո» էին գոռացել։ Սաղ միլիցեքը լցվել էին զոնը։ Հիմա  խստացրել են։ Սաղ օրը շմոն են անում՝ «կայֆ» են փորձում գտնել։ Ստեղ «կայֆ» ալկոհոլին, թմրադեղին ու պլանին են ասում։ Հատկապես «բարիգների» մոտ են խուզարկում մանրազննին, սաղ քանդում են՝ տեղաշորի դոշակից սկսած։

Հա, «բարիգները» էն մարդիկ են, որոնք բան են ծախում՝ շորից սկսած մինչև սիգարետ, արաղից մինչև նարկոտիկ։ Կան էնպիսիները, որոնք թզբեխ կամ իրենց ձեռով սարքած իրերն են ծախում։ Էդ տիպի «բարիգները» մի քիչ հարգի են։ Ըստ ստեղի կանոնի՝ իրենց «տրուդն» են ծախում։

Ընդհանրապես հարգի չէ «բարիգների» էն խումբը, որոնք վերավաճառքով են զբաղվում։ Նորից, ըստ ստեղի «զակոննի»՝ գողերի տանը առևտուր չպիտի լինի։ Բայց դե հենց «լավ տղերքն» են խախտում իրենց սահմանած «զակոնը»: Իսկ, եթե զոն «կայֆ» ես մտցնում, ապա պիտի զոն նայողին բաժին տաս։ Այլապես՝ լավ բան չի սպասվում․ «կստանան» քեզնից ճշտի կանոններով, այսինքն՝ քացու տակ կգցեն, եղածն էլ կվերցնեն ձեռիցդ։

Ինձ էլ հյուրասիրեցին էդ «կայֆից», հրաժարվեցի։ «Արա’, ա‘յ ախպեր, սաղ փորձում են, մի երկու խազ սրսկվի, մաքուր «սև ա», համ էլ՝ լոմկից դուրս կգաս», - առաջարկեց կալանավորներից մեկը՝ Անդոն։ Նա սաղ օրը «կայֆի» տակ ա։ Երբ էլ նորմալ վիճակում ա, ընկած փողի «գոնկա» ա անում, որ կարենա նարկոտիկ առնի։ Ստեղ կան նարկոմաններ, որոնք դրսում էլ ամեն օր օգտագործում էին։ Նույնիսկ, գլուխ են գովում, թե ամենալավից են «կոխել» երակները։ Կան մարդիկ, որ ստեղ են սկսել։ Սկզբում գալիս, հյուրասիրում են, գայթակղվում ես, մտածում՝ ամեն ինչը տղամարդու համար ա ու փորձում ես։ Երկու-երեք անգամ էլի առաջարկում են, ու չես մերժում։ Հետո, արդեն ինքդ ես խնդրվում, երբ արդեն կախվածություն ես ունենում։ 

«Ախպեր, չկա, հո սիրուն աչքերիս համար չէին տալիս։ Առնում էինք։ Փող գցվի՝ առնենք, մի քանի խազ կտամ քեզ»,  - առաջարկում են «լոմկի» մեջ գտնվողին։ Գումարը, թվում ա, էնքան էլ մեծ չի՝ կախված որակից՝ 10000-30000 դրամ։ Բայց դա՝ առաջին հայացքից։ Եթե ոչ ամեն օր, ապա օրումեջ պիտի փող գտնես, հարազատներիդ կամ ընկերներիդ զանգես ու մուրաս՝ ստելով, թե «ախպեր ջան, լուրջ թեմաների մեջ եմ»:

Կա մեկը, որ մեկուսացել է բոլորից․ մենակ է ապրում ու ամբողջ օրը նկարում է։ Պատմում են, որ նարկոտիկի պատճառով իր իսկ հորդորով կինը դարձել է մարմնավաճառ։ Իր «կայֆի» փողը ունենալու և այլևս վաճառքի բան չունենալով, կնոջը ստիպել է Ծերեթելի կանգնել։ «Աղջի, մարդդ վատ ա, սատկում եմ, գլուխդ չի մտնում, քեզ ծախի՝ փող ուղարկի, այ ես քո պուտանկա...»․ համարյա ամեն օր նա գոռում էր կնոջ վրա՝ չլսված քֆուրներով։

Ի վերջո, կինը դարձավ  մարմնավաճառ, որը օրական 25 հազար դրամ էր ուղարկում ամուսնու «կայֆի» համար։ Սակայն, հետո դադարեց ամուսնուն փող ուղարկել։ Ընտանիքը քայքայվեց, իսկ ամուսինն էլ դարձավ հոգեկան հիվանդ։ 

Թերևս, էսօր՝ էսքանը։ «Կայֆի» մասին հլա շատ կգրեմ։ Լավ մնա։ Մեկ-մեկ գրի։ Իմ երեք ուղարկած նամակին՝ մի հատ ես գրում։ Դե, հո իմ նման պարապ չես, հասկանում եմ, ընկեր ջան, նենց եմ հասկանում....

ԱՌՆՈ ԱՐՇԱԿՈՒՆԻ