Ատրճանակ չեմ տեսել, սպառնալիքներ չեմ լսել․ Բարսեղ Բեգլարյանի գործով վկա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Այսօր՝ Նոյեմբերի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Ֆլեշ Մոթորս» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։

Դատական նիստում հարցաքննվեց վկա Աշոտ Մարտիրոսյանը, որն ասաց, որ եղել է Բարսեղ Բեգլարյանի որդիների համակուրսեցին, տուժողին էլ է ճանաչում, բայց կողմերից որևէ մեկի հետ թշնամական կամ բարեկամական հարաբերություններ չունի։

«Խորհրդակցություն էր, ընդհանուր խոսակցություն էր, որը վերաբերվում էր պակասորդներին, ավելի շուտ՝ յուրացումներին։ Ավելի շատ Նարեկ Բեգլարյանը հարցադրումներ էր անում Բարսեղ Բեգլարյանին»,-ասաց վկան։

Մեղադրողի հարցին, թե տուժող Մկրտումյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու կամ բռնություն գործադրելու ականատես եղել է, վկան, ասաց, որ ոչ․ «Հնարավոր չի, փոքր տեղ էր, չէր կարող նման բան լիենել, ու մենք ականատես չլինեինք»։

Տուժող Արման Մկրտումյանը վկային հարցեր տալիս նշեց, որ այն ընկերությունը, որտեղ աշխատում է վկան բաժնեմասերի մեծ մասը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին: «Մյուս մասը պատկանում է Արայիկ Հարությունյանին»,- ասաց վկան։ Նա նաև ասաց, որ մինչ օրս ընկերական կապեր ունի Բարսեղ Բեգլարյանի որդիների հետ։

Դատավորը հղում անելով արդեն հարցաքննված տուժողին ու վկաներից մեկին, ասաց, որ նրանք Հրայր Հովսեփյանի մոտ ատրճանակ են տեսել, մինչդեռ վկան ասաց, որ ինքը նման բան չի տեսել։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։