Վարդենիսի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքի մասին ԱՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

աղետ

ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնաբանել է Վարդենիսի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքը․

«Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է:

«Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` հղի կինը դեկտեմբերի 10-ին, ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն` նշելով, որ պտղի խաղը չի զգում: Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական գործունեություն չի դիտվել, ուստի միջամտության կարիք, այդ թվում` վիրաբուժական, չի եղել: Սակայն, որովայնի ստորին հատվածում ոչ համաչափ ցավեր նշելու ցուցումով հղին ուղղորդվել է «Մարտունու» ծննդատուն` հետազոտման նպատակով:

Հղին «Մարտունու» ծննդատուն է ընդունվել առավոտյան ժամը 7-ին: Ախտորոշվել է պտղի ներարգանդային հիպոքսիա, որի արդյունքում կատարվել է կեսարյան հատում: Դուրս է բերվել պտուղ, որի կյանքը ամբողջ ծավալով կատարված վերակենդանացման միջոցառումներից հետո փրկել չի հաջողվել:

Ծննդկանի վիճակի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո առողջապահության նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել կազմակերպելու նրա բուժօգնությունը և անհրաժեշտության դեպքում տեղափոխումը ուղղաթիռի միջոցով, սակայն ոչ թռիչքային եղանակային պայմանների պատճառով Մարտունու ծննդատուն է մեկնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը` վերակենդանացման բրիգադով:

Ավելի ուշ վերջիններիս միացել է նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով առողջապահության նախարարության խորհրդատու Վահե Գյուլխասյանը և մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրույր Գրիգորյանը: Մարտունու ծննդատանը` Երևանից մեկնած մասնագետների հետ համատեղ կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները կնոջ կյանքը փրկելու համար: Ամբողջ ընթացքում խորհրդատվություն է իրականացվել Երևանի առաջատար մասնագետների հետ: Վիճակը կայունացնելուց հետո կինը տեղափոխվել է «Էրեբունու» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Այժմ նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները կուսումնասիրվեն և կտրվի մասնագիտական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև իրավական գնահատական»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս