ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող №150 բանաձևը։ Թուրքիայի բարձրաստիճան քաղաքական շրջանակների արձագանքները չուշացան։ Սենատի որոշմանն արդեն արձագանքել են Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Գրել է Ermenihaber-ը։
Իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակացության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Մահիր Ունալը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ Սենատի որոշումը ընդունում է «առ ոչինչ»։
Սենատի այս պատմական քայլին արձագանքել են նաև մեջլիսում ներկայացված 3 ընդդիմադիր ուժերը՝ «Ժողովրդահանրապետական» (CHP), «Ազգայնական շարժում» (MHP) և «Լավ» (İYİ PARTİ) կուսակցությունները։ Այդ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահները դատապարտել են Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։
Թուրքիայի քաղաքական կուսկացությունները հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի ընդունած որոշման, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները ևս պետք է հանդես գան միասնական որոշմամբ։