Նախատեսվում է վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

զոհրաբ

Հայաստանի ու Նիդերլանդների  Թագավորության առևտրատնտեսական կապերը վերընթաց կերպով աճում են: Նիդերլանդների  Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ համատեղ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա տեղեկացրեց, որ Ստեֆ Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցին ընդառաջ: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

«Ուրախ եմ արձանագրել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական հարաբերությունները, փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո: Այս փաստն ամրագրված է պատմության մեջ աննախադեպ իրողությամբ, երբ Նիդերլանդների օրենսդիր մարմինը գրեթե միաձայն որոշում կայացրեց դիմելու կառավարությանը ՀՀ-ում դեսպանություն բացելու համար»,-  հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում դեսպանություն բացելու Նիդերլանդների որոշումը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց առևտրատնտեսական ցուցանիշների դրական միտումները: Մասնավորապես, Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը մեկ տարվա կտրվածքով երկնիշ աճ է արձանագրել՝ մոտ 26 տոկոս: Ընդհանուր առմամբ, առևտուրը վերջին տարվա ընթացքում աճել է 9.2 տոկոսով:  

Հայաստանում առկա փոփոխությունները, ինչպես նաև դարավոր մշակույթը մեծ հետաքրքրություն են առաջացրել Նիդերլանդների քաղաքացիների համար: Մեկ տարվա կտրվածքով Նիդերլանդներից Հայաստան այցելուների թիվը շեշտակիորեն աճել է, մոտավորապես, աճը կազմում է 23 տոկոս: Նախարարը համոզված է, որ այս ոլորտն առավել կզարգանա ուղիղ չվերթի բացման պարագայում:

Հայաստան-Նիդերլանդներ միջպետական հարաբերություններում կարևոր դեր է վերապահված խորհրդարանական համագործակցությանը: 2019թ. հոկտեմբերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցելություն կատարեց Նիդերլանդներ, որի ընթացքում ձևավորվեց Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակը՝ բաղկացած քաղաքական, գործարար, մշակութային և գիտության գործիչներից:

Նախարարի խոսքով, մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում, խոսքը գյուղատնտեսության, թափոնների վերամշակման, ջրային ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության բնագավառների մասին է: Նախարար Մնացականյանը հատկանշական համարեց այն, որ ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հայ-նիդերլանդական համագործակցությունն օրինակելի է: Հայաստանն այդ ոլորտում Նիդերլանդների հետ արդյունավետ փոխգործակցող երկրների շարքում առաջատար տեղ է զբաղեցնում:

«Մեր երկկողմ հարաբերությունները կարևորվում են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության տեսանկյունից: Նախորդ տարվա վերջին Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատները հինգ օրվա տարբերությամբ միաձայն վավերացրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա վկայում է ԵՄ-ի հետ մեր փոխգործակցության խորացմանը ԵՄ-ի հիմնադիր երկրներից մեկի՝ Նիդերլանդների կարևոր աջակցության մասին: Ուրախությամբ ենք արձանագրում երկու երկրների միջև մշակութային կապերի խորացումը: Նիդերլանդներում թարգմանված հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթները զգալի հետաքրքրություն են առաջացրել նիդերլանդացի ընթերցողների շրջանում»,-ասաց նախարարը թարգմանված այդ գիրքը փոխանցելով Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին: Նախարար Մնացականյանը նաև հիշեցրեց, որ նախորդ տարի Նիդերլանդների տարբեր քաղաքներում հանդիսավորությամբ նշվեց Կոմիտաս վարդապետի 150-ամյակը:

«Գործընկերոջս հետ խոսեցինք նաև կանխարգելման օրակարգի և այն առաջ մղելու կարևորության մասին: Մեր երկու պետություններն ունեն նաև միջազգային հարթակներում համագործակցության հարուստ փորձ, և մենք պատրաստակամ ենք գործնական քայլեր ձեռնարկել՝ այն առավել զարգացնելու ուղղությամբ: Առկա է համագործակցության մեծ ներուժ խորացնելու արդարադատության գիտության, կրթության բնագավառներում: Այդ ուղղությամբ արդեն իսկ կյանքի են կոչվում համատեղ ծրագրեր: Մենք նախատեսում ենք ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ներառելով նոր բնագավառներ, օրինակ` բնապահպանությունը»,-ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Ստեֆ Բլոկի հետ հանդիպմանն անդրադարձել են միջազգային օրակարգի հրատապ հարցերին: «Մենք համակարծիք ենք, որ բոլոր ներգրավված կողմերը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն իրավիճակի կայունացման և լարվածության թուլացման ուղղությամբ»,-հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:

ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ այցը ծրագրված է գարնանը: