Լուսաձոր համայնքի ղեկավարը ձևական աճուրդներով հող է վաճառել տարբեր անձանց,այդ թվում՝որդուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Լուսաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017-ից 2019 թվականների ընթացքում կազմակերպել է ձևական աճուրդներ և տարբեր մակերեսներով գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակության հողատարածքներ է վաճառել  տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն։

Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել է ձևական աճուրդի 7 դրվագ։ Վաճառված հողատարածքների գումարը ընդհանուր 1 միլիոն 700 հազար դրամից ավելի է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել , որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն։