ԵԱՀԿ-ն մտահոգված է կարանտինի պայմաններում ընտանեկան բռնությունների թվի աճով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News     

բռնություն

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) մտահոգված է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ինքնամեկուսացման պայմաններում բազմաթիվ երկրներում ընտանեկան բռնության աճով։

ԵԱՀԿ ղեկավարությունը երկների կառավարություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել կանանց և երեխաների պաշտպանության համար, քանի որ միշտ չէ, որ տունն ապահով ապաստան է նրանց համար։

«Պայքարելով ճգնաժամի հետ առողջապահական ոլորտում` մասնակից պետությունները չպետք է մոռանան պաշտպանել կանանց և երեխաների` առանց բռնության ապրելու իրավունքը, երբ ընտանիքները մեկուսացման մեջ են: Անհրաժեշտ է անհապաղ գործողություններ ձեռարկել` նրանց կարիքների բավարարման համար և միջոցներ ձեռնարկել նրանց պատշաճ անվտանգության ապահովման համար»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

«Որոշ կառավարություններ արդեն միջոցներ են ձեռնարկում կարանտինի ընթացքում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ, ինչը, հույս ունենք, որ լավ գործնական օրինակ կլինի մյուսների համար»,- գրել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան: