Բ-2 թաղամասում 26-ամյա երիտասարդը վեճի է բռնվել անծանոթի հետ. վերջինս դանակահարել է նրան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Ապրիլի 18-ին` ժամը 22-ի սահմանում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ ազդրի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է 26-ամյա մի երիտասարդ:
Իրավապահները հիվանդանոց մեկնեցին, արձանագրեցին` քաղաքացին որտեղից է տեղափոխվել, ինչ ախտորոշմամբ, զրուցեցին բժշկի, նաև տուժողի հետ: Պարզվեց` ժամը 21.30-ի սահմանում Հարավարևմտյան Բ-2 թաղամասում, դպրոցի մոտ տուժողը վեճի է բռնվել անծանոթ մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել էր նրան:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական հետախույզները ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով դեպքի վայրում և հարակից շենքերում օպերատիվ հարցումներ անցկացրին: Հետևողական աշխատանքի արդյունքում, հաղորդումից օրեր անց, հանցագործությունը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ հնարավոր է տուժողին մարմնական վնասվածքը պատճառած լինի նույն թաղամասի 28-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 21-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: