ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած միջադեպերով ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երևանի հիվանդանոցներ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել էր, որ մարզի՝ մոտ 500 բնակիչներ շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ և վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ հիվանդներից մեկի խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երևան, վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանությունը պարզաբանել էր, որ հիվանդանոց ներխուժման արդյունքում որևէ մեկը չի սպանվել, իսկ հարձակման պահին ոստիկանապետը գտնվել է կրակոցների վայրում։
Ավելի ուշ, Քննչական կոմիտեն՝ հայտնել էր, որ կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու և զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ:
ՔԿ-ի վերջին տվյալներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 15 անձ, 3 անձի ձերբակալելու որոշում է կայացվել:
Սոնա Գրիգորյան