Ի՞նչ պայմաններ են սահմանվել պետապարատում, գրասենյակում, արտադրամասում աշխատողների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

կորոնավիրուս

Հրապարակվել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, որում ներկայացված են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները պետական համակարգում, փակ արտադրական տարածքում, գրասենյակային պայմաններում:

Օրինակ, փակ արտադրական տարածքիում պետք է.

1) Ապահովել արտադրամասի ընդհանուր մուտքի, զուգարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին շենքերի մուտքերի մոտ ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:

2) Ապահովել փակ արտադրամասի տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով, ընդ որում՝ այնպես, որ բացառվեն աշխատողների կուտակումները:

3) Ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են դիմային վահանակներ:

4) Աշխատատեղերը կահավորել փակվող աղբամաններով՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:

5) Յուրաքանչյուր երկու ժամը մեկ ապահովել արտադրական տարածքի բնական օդափոխությունը:

6) Օրական 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանել տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

7) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովել՝ ա. Շենքերի բոլոր տարածքների օդափոխությունը. բ. Արտադրական տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:

8) Անձնական (դրսի) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի (սանիտարական հագուստի) համար ապահովել համապատասխան հանդերձապահարաններ:

ՀՀ պարետատան որոշումն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: