Մեղրիի երկաթուղին շահագործման հանձնելը հակասում է մեր շահերին. «Ապավեն»-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

«Չի կարող լինել տնտեսական համագործակցություն, երբ այդպիսի զգայուն հարցում, ինչպիսին է գերիների կամ աճյունների վերադարձը, չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ»: Ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը:

«Առաջին հայացքից թվում է, որ ոչ մի վատ բան չկա ճանապարհ բացվելու մեջ։ Բայց մեր դեպքում ես կողմ եմ, որ ամեն մի ճանապարհ կոնկրետ դիտարկվի, քննարկվի դրա վերագործարկման նպատակահարմարությունը, նրա դերը, նշանակությունը մեր տնտեսության մեջ: Ասել, որ, դե՛, ճանապարհ բացվելը բոլորի համար լավ է, ես չեմ կիսում այդ տեսակետը: Օրինակ, ճանապարհ կա, որը մեզ տանում է վերջնական ճանապարհային մեկուսացման»,– կարծում է նա և հավելել, որ դեռ վաղ է քննարկել Հորադիզ-Մեղրի-Նախիջևան-Երևան հաղորդակցության գործարկումը։

«Եթե խոսքը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին է, ապա մենք այսօր ունենք կոմունիկացիաներ, որոնք հենց այսօր կարող են շահագործվել, ինչո՞ւ դա թողած խոսում են նոր ճանապարհների կառուցման մասին: Այսինքն՝ Հորադիզից մինչ Հայաստանի սահման ճանապարհը չի վերականգնվում, այլ կառուցվելու է նոր ճանապարհ: Եթե մենք տալիս ենք Մեղրիի երկաթուղին իրենց կողմից շահագործման համար, ապա դա մեր շահերին հակասում է»,- ընդգծել է բանախոսը:

Գագիկ Աղաջանյանը նաև հիշեցրել է, որ մինչև Հայաստանի շրջափակումը Հայաստանը ճանապարհների խաչմերուկ էր, և բոլոր երկրներն իրար հետ կապվում էին հենց Հայաստանի տարածքով: 

--00—ԼՄ