ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակը Մոսկվայում կնշվի հայ գեղանկարչության ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակական

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ Մոսկվայում հայ գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես կկազմակերպվի:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Ժողովրդական տնտեսության ազգային նվաճումների համալիրի «Արմենիա» նորոգված տաղավարում:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Այս եզակի ցուցահանդեսը մեկ հարթակում է համախմբել բազմաթիվ հայ վարպետների վրձնի վառ ստեղծագործություններ: Հաղորդագրության տեքստում ասվում է, որ ցուցահանդեսը ՀՀ անկախության հռչակագրի 30-ամյակին նվիրված ամենահետաքրքիր նախաձեռնություններից է:

Ցուցահանդեսին մասնակցում են 17 նկարիչներ Հայաստանից և Ռուսաստանից: Նրանք են Վահագն Գալստյանը, Լևոն Աբրահամյանը, Անդրեյ Շուգարովը, Սուրեն Սաֆարյանը, Արմինե Թումանյանը, Պետո Պողոսյանը, Տիգրան Հակոբյանը, Արև Պետրոսյանը, Արամ Մաշուրյանը, Տիգրան Ասատրյանը, Արմեն Վահրամյանը, Արթուր Շարաֆյանը, Աշոտ Թադևոսյանը, Կարեն Մովսիսյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աշոտ Խաչատրյանը, Վարդան Ոսկանյանը: 

Ժամանակակից հայկական գեղանկարչության ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2021 թվականի հոկտեմբերի 18-ը: 

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը, «Արմենիա» տաղավարը և ՀՀ նկարիչների միությունը: Ցուցահանդեսի համադրողն է նկարչուհի Արմինե Թումանյանը:

--00--ԿԿ