Բակո Սահակյանն Արցախի դատախազության աշխատանքը գնահատել է բավարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Thumbnail

Արցախի նախագահ Բակո Սահակյան փետրվարի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Այդ մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը։

Նախագահ Սահակյանը, ամփոփելով 2018 թվականին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից կատարված աշխատանքը, այն գնահատել է բավարար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ գերատեսչության առջև դրված են կարևոր ու պատասխանատու խնդիրներ, և համակարգի աշխատանքից է նաև կախված մեր երկրի բնականոն կենսագործունեության ապահովումը, պետության, հասարակության ու քաղաքացիների շահերի պաշտպանությունը, օրինականության պահպանումը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը:

«Այդ գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար պահանջվում է արհեստավարժության բարձր մակարդակ, պատասխանատվություն, սկզբունքայնություն և նվիրվածություն: Դատախազությունում կա համապատասխան ներուժ այդ ամենը անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար»,- նշել է Արցախի Հանրապետության նախագահը: