ՀՀ և ՌԴ պատգամավորները անդրադարձել են էներգետիկ միջանցքին և Լարսի այլընտանքային ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը և հանձնաժողովի անդամները հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Միքայել Մելքումյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բարեկամությունը: Անդրադարձ է կատարվել միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության խթանմանը, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ և ՀԱՊԿ ԽՎ շրջանակում:

Բանախոսը, ներկայացնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, առանձակի կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների համանման հանձնաժողովների փոխշահավետ համագործակցությունը կոնկրետ օրակարգով, որի առանցքում կլինեն ինչպես ԵԱՏՄ շրջանակում, այնպես էլ հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող խնդիրները: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության տեմպերն աճել են, ինչը պայմանավորված է նաև կառավարության կողմից տնտեսական կառուցվածքի փոփոխությամբ:

Միքայել Մելքումյանն անդրադարձել է նաև համագործակցությանը միջազգային այնպիսի նախագծերի շուրջ, որոնք երկու պետությունների հետաքրքրության առանցքում են, կարևորել փոխգործակցությունը Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը բարձրացրել է Վերին Լարսին այլընտրանք՝ նոր տրանսպորտային միջանցք ունենալու խնդիրը և կարևորել ռուս գործընկերների աջակցությունը մասնավորապես համապատասխան օրենսդրության մշակման հարցում:

Լեոնիդ Կալաշնիկովն իր հերթին կարևորել է խորհրդարանների երկու պրոֆիլային հանձնաժողովների սերտ համագործակցությունը, համատեղ նիստերի անցկացումը: Նա անդրադարձել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներին՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այդ կապակցությամբ մշակել է առաջարկների փաթեթ: Հանձնաժողովի նախագահը քննարկել է նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը միտված մի շարք միջոցառումներին վերաբերող հարցեր՝ կարևորելով հայկական կողմի ակտիվ մասնակցությունն այդ ձևաչափերին:

Հանդիպման ընթացքում կարևորվել է հայկական համայնքի դերը երկկողմ տնտեսական կապերի զարգացման գործում, ինչպես նաև փոխգործակցության խորացումը տարբեր հարթակներում: