Զուրաբիշվիլին Ռուսաստանի սադրանք է անվանել բողոքի ալիք բարձրացրած նավի ժամանումը Սոչիից Բաթումի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

նավ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ռուսական սադրանք է անվանել Astoria Grande նավի ժամանումը Սոչիից Բաթումի, ինչը բողոքի ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Հպարտանում եմ մեր ժողովրդով, որը խաղաղ կերպով բողոքեց ռուսական վերջին սադրանքի՝ Վրաստանի Բաթումիի նավահանգիստ ռուսական ճամփորդական նավի այցի դեմ, մինչ (խմբ․ ՌԴ նախագահ) Պուտինն արգելափակում է հացահատիկի փոխադրումը և խոչընդոտում Սև ծովում ազատ նավարկությունը», - գրել է Զուրաբիշվիլին։

Հուլիսի 27-ի երեկոյան Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Բաթումիի նավամատույցում՝ բողոքելով ռուսաստանցի զբոսաշրջիկներով ճամփորդական նավի ժամանման դեմ։ Ըստ РИА Новости գործակալության՝ նավում եղել է մոտ 800 զբոսաշրջիկ Ռուսաստանից, որոնք մի քանի ժամով հնարավորություն են ունեցել տեսնելու քաղաքի տեսարժան վայրերը։ Նավում եղել են նաև թուրք զբոսաշրջիկներ։

Astoria Grande նավը, որը շահագործում է թուրքական Miray Cruises ընկերությունը, հուլիսի 22-ին դուրս է եկել Սոչիից, որպեսզի Բաթումիով մեկնի Թուրքիա։ Դա առաջացրել է վրացական ընդդիմության դժգոհությունը, որոնք պնդում են, որ նավը կարող է հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ։ Բացի այդ, ըստ ցուցարարների՝ նավի ուղևորների մեծ մասը խախտել է «Օկուպացիայի մասին» վրացական օրենքը՝ նախկինում այցելելով Աբխազիա և Հարավային Օսիա, որոնք Թբիլիսին համարում է օկուպացված տարածքներ։

--00—ԼՀ