Ալիևը հստակ հայտարարել է, որ իրենք Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

միշ

Իլհամ Ալիևը հստակ հայտարարել է, որ Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն, այս մասին ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Օրեր առաջ հեռախոսազրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նա հստակ հայտարարեց, որ իրենք Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն։ Սա պետք է հստակ բարձրաձայնվի։ Կարծում եմ՝ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը», - ասել է նա։

Շառլ Միշելը նշել է, որ կօգնեն Հայաստանին՝ հաղթահարել Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողության հետևանքները։

«Բազմաթիվ փախստականներ կան Հայաստանում, և մենք պետք է հումանիտար օգնություն տրամադրենք։ Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանը ցանկանում է ամրացնել կապերը Եվրամիության հետ։ Մենք երկու տարի առաջ խոստացել ենք Հայաստանին 2 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթ, մենք պետք է կատարենք այդ խոստումը և չենք կարող հապաղել։ Հայաստանը կարիք ունի մեր աջակցության», - ընդգծել է ԵՄ խորհրդի նախագահը։

--00--ԼՀ