Հայաստանը հավատում է մեր տարածաշրջանի երկրների` խաղաղությանը ձգտելու ցանկությանը. Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկ»-ը» խորագրով փորձագիտական համաժողովին:

Համաժողովին մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից:

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Համաժողովի հարգելի մասնակիցներ, 

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում «Նոր իրողություններ և «Խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի շրջանակներում:

Մեր օրերում միջազգային հարաբերությունների՝ բոլորիս հայտնի սկզբունքներն ու կանոնները խարխլվում են, իսկ  համագործակցային անվտանգության նկատմամբ վստահությունն ու լավատեսությունը շարունակում է նվազել: Սակայն, Հայաստանը հավատում է կայուն խաղաղության հասնելու, բոլոր վերքերը և հակամարտությունները խաղաղ միջոցներով հանգուցալուծելու մեր մեծ տարածաշրջանի ժողովուրդների ցանկությանն ու կարողությանը:

Փոխկապակցվածության և փոխազդեցությունների արդի դարաշրջանում մարդկության առջև ծառացած մարտահրավերների լուծումը համատեղ և համերաշխ ջանքեր է պահանջում, ու Հայաստանը ևս պատրաստ է իր նպաստը բերել առկա մարտահրավերների հաղթահարման, մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման գործընթացում: Պատմականորեն Հայաստանը միշտ եղել է հյուսիսը հարավին և արևմուտքն արևելքին կապող խաչմերուկում՝ դրանից բխող քաղաքական, տնտեսական, մշակութային առանձնահատկություններով: Այսօր ևս ելնելով իր աշխարհագրական դիրքից՝ Հայաստանը պատրաստ է ծառայել որպես կապող հանգույց նման փոխգործակցության համար:

Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մոտ 30 տարի շրջափակված իր հարևաններից երկուսի կողմից՝ Հայաստանը լավ գիտակցում է տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների լիարժեք կենսագործունեության կարևորությունը:

Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում մենք առաջնորդվում ենք տարածաշրջանային երթուղիների համապարփակ, ներառական և ոչ խտրական կիրառման, երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման սկզբունքներով, տարածաշրջանում բոլոր կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու տեսլականով: 

Այս գիտակցումով է, որ Հայաստանի կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես մեր կողմից որդեգրված խաղաղության օրակարգի կարևորագույն մի մաս: Այդ հայեցակարգի առանցքային իմաստը տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացումն է՝ նոր ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր կառուցելու, հները նորոգելու և գործարկելու միջոցով:

Նախագծի նպատակն է՝ վերականգնել տարածաշրջանի կարևոր դերը՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք գլոբալ փոխգործակցության համատեքստում անխոչընդոտ տարածման ապահովման գործում: Կասկածից վեր է, որ բեռների, ապրանքների և մարդկանց տեղաշարժի նոր հնարավորություններն իրենց հերթին կապահովեն անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ, ինչպես նաև տնտեսական աճի լուրջ նախադրյալներ տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Հայաստանը պատրաստ է նախաձեռնել գործնական քայլեր «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչման համար: Ցանկանում եմ նշել նաև, որ տարածաշրջանային այս կարևոր նախաձեռնության կյանքի կոչման հարցում Հայաստանի կառավարությունն ակնկալում է միջազգային բոլոր գործընկերների գործուն աջակցությունը:

Հարգելի ներկաներ,

Ձերդ գերազանցություն դեսպաններ,

Ես լիահույս եմ, որ համաժողովի ընթացքում ակտիվ երկխոսություն կծավալվի տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ: Վերջին շրջանում, երբ միջազգային հարաբերություններում ի հայտ եկող նոր մարտահրավերներին գալիս են գումարվելու դեռևս լուծման կարոտ հիմնահարցերը, ավելի են կարևորվում նման քննարկումները: Կարծում եմ, որ այս համաժողովը կարող է դառնալ հաջողված հարթակ, և պետք է ապահովել վերջինիս շարունակականությունը՝ հրավիրելով նաև մասնակիցներ տարածաշրջանի այլ երկրներից: Բայց այն ներկայացուցչականությունը, որ այստեղ կա, արդեն լուրջ լավատեսություն է ներշնչում:

Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել այս համաժողովը և հաջող ընթացք մաղթել մասնակիցներին:

Շնորհակալություն»:

Հաջորդիվ համաժողովի մասնակիցներին է ներկայացվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

--00—ՅՄ