Արցախցի փոքրիկների ուսումնառության համար 1 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

dd

«Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը (ECW) 1 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված երեխաների և նրանց հյուրընկալող համայնքի երեխաների ուսումնառությունն ընդլայնելու համար։

Այդ մասին հայտնում է ՅՈւՆԻՍԵՖ–ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերից սկսած` ավելի քան 100 000 փախստական, այդ թվում՝ 30 000 երեխա է փախել Հայաստան՝ իրենց հայրենի համայնքներում ռազմական գործողությունների պատճառով: Մոտ 3 000 երեխա հաշմանդամություն ունի, իսկ 9 000-ը մինչև վեց տարեկան է:

«12-ամսյա դրամաշնորհը տրամադրվելու է ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և կրթության ոլորտի մյուս հիմնական դերակատարների հետ համագործակցությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Շեշտվում է, որ սա առաջին դեպքն է, երբ «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրում բացառապես վաղ մանկական ուսումնառության ուղղությամբ: Բանն այն է, որ Հայաստանում կրթական համակարգն արդեն իսկ գերծանրաբեռնված է, իսկ ռեսուրսները բավարար չեն բոլոր փախստական մանկահասակ երեխաներին ներգրավելու համար:

«Որակյալ վաղ մանկական ուսումնառությունը բաց թողնելը վատ է անդրադառնում երեխաների զարգացման և նրանց հետագա կրթության վրա: Սա հատկապես վտանգավոր է տեղահանության և անորոշության շրջանում, երբ երեխաներն ավելի հավանական է, որ ունենան ճանաչողական, վարքային և էմոցիոնալ դժվարություններ, որն ավելի բնորոշ է փոքր տարիքի երեխաներին, ինչն ավելի է հետաձգում նրանց զարգացումը»- ասել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը:

Փախստական երեխաների և նրանց հյուրընկալող համայնքների փոքրիկների, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաներին հասանելի կլինեն նաև սոցիալ - հոգեբանական ծառայությունները, ծնողավարման դասընթացներ կկազմակերպվեն ծնողների և խնամակալների համար, ինչպես նաև ուսուցիչները կստանան հմտություններ՝ օգնելու երեխաներին հաջողությամբ ինտեգրվել դասարաններում:

--00—ՍՊ