Ո՞նց եք պատկերացնում՝ Դավիթ Սանասարյանի կնոջը հիմա որևէ ձևով արձագանքելս․ ԱԺ փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

Ո՞նց եք պատկերացնում, որ ես Դավիթ Սանասարյանի կնոջը հիմա որևէ ձևով արձագանքեմ, դա իմ կողմից ճիշտ չի լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի կնոջ գրառմանը, որում վերջինս նշել էր, թե քանի դեռ որոշ պաշտոնատար անձիք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը, ինքը շարունակելու է պատասխանել նմանատիպ գրառումներով․

«Կարծում եմ՝ ուղղակի ճիշտ չի ընկալել այն, ինչ ես ասել եմ: Լավ կլինի ևս մեկ անգամ վերանայի այն, ինչ ես ասել եմ: Որևէ արձագանքելու բան չունեմ, համբերություն եմ ցանկանում և հույս եմ հայտնում, որ ամեն ինչ ամենալավ, ամենաբարի, ամենաճիշտ ձևով կլուծվի»։

Նշենք, որ լիազորությունները դադարեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում էր կատարել. «Քանի դեռ որոշ պաշտոնատար անձիք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրել Դավիթ Սանասարյանին, ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։ Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։ Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին ոչ թե ...»:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը մինչ այդ աբսուրդ էր համարել Սանասարյանի փաստաբանի այն հայտարարությունը, թե Դավիթ Սանասարյանի դեմ գործ է սարքվում․ «Դա աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել:

Առավել եւս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որեւէ մարտավարություն կառուցելու համար»,-ասել էր ԱԺ փոխխոսնակը: