ԵՄ-ն 2019-ին հավելյալ 25 մլն եվրո կհատկացնի ՀՀ-ին՝ ժողովրդավարական բարեփոխումների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1

Եվրամիությունը ժողովրդավարական բարեփոխումների աջակցման և Եվրամիության հետ Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի իրագործման համար Հայաստանին 25 մլն եվրոյի հավելյալ օգնություն է հատկացրել: Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի ավարտին:

«ԵՄ խորհուրդը հիշեցնում է, որ Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 160 մլն եվրո է հատկացրել որպես օգնություն 2017-2020 թվականների համար: Որպես բարեփոխումների համաձայնեցված օրակարգի և Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի իրականացմանը Հայաստանի հավատարմության ճանաչում՝ ԵՄ-ն որոշում է կայացրել հավելյալ 25 մլն եվրո հատկացնել Հայաստանին 2019-ին աջակցության գործողությունների ամենամյա ծրագրի համաձայն», - ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ խորհուրդը նաև ընդգծել է Գործընկերության մասին համապարփակ և ընդլայնված համաձայնագրի հետագա իրագործման կարևորությունը ԵՄ-ի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ընդլայնման համար:

ԵՄ-ն խոստացել է նաև շարունակել աջակցել Հայաստանին ենթակառոցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացման հարցում: ԵՄ խորհուրդն ընդգծել է դատական համակարգի բարեփոխումների իրականացման շարունակության և բիզնեսի վարման պայմանների բարելավման կարևորությունը: