Եթե Հայկ Սարգսյանին չվերաբերվեր այս քրեական գործը, վստահ եմ՝ այն դատարան չէր հասնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

«Կրակոցի տարածությունը, դիրքը, հեռավորությունը չի համապատասխանում տուժողի ցուցմունքներին, բայց համարվում է, որ նա ճիշտ ցուցմունքներ է տվել, այս ամբողջն այնպիսի խախտումներ են, որ, կարծում եմ, եթե Հայկ Սարգսյանին չվերաբերվեր այս քրեական գործը, վստահ եմ՝ այն երբևէ դատարան չէր հասնի։ Խիստ կասկածում եմ, որ դատախազությունը, քննչական մարմինը սա չեն հասկանում», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ հաջորդ դատական նիստին կշարունակվի փաստաթղթերի հետազոտումը, որից հետո պետք է քննարկվի ցուցմունքների հրապարակումը, որից հետո կքննարկվեն նաև միջնորդություններ ներկայացնելու հարցը։ 

Նշենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդին, քրեական գործում ներգրավվել է 11 տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպի հետ կապված: 2007 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ապա ոստիկանություն էր ներկայացել Ա. Ղևոնդյանը, հանձնել էր մի ատրճանակ և հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտ և դրա հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է ընկերոջ՝ Դավիթ Սիմոնյանի վրա: 

Հայկ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 31-ին։